ՀՀ-ից բացակայելու դեպքում ՀՀ քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել

Իրավաբան.net-ը շարունակում է ՀՀ բնակիչներին իրազեկել իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Մասնավորապես «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն.

Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևյալ անհատական տվյալները.

1) հանրային ծառայությունների համարանիշը.

2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.

3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.

6) սեռը.

7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).

9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը.

10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

Տեղեկացնենք, որ բնակչության պետական ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել