Լրագրողի աշխատանքը խոչընդոտած վստահված անձին մեղադրանք առաջադրեցին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը:

Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերի  6-ին՝ ժամը 14:25-ին, ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանը, ներս է մտել Երևան քաղաքի Բաղրամյան 76 հասցեում գործող թիվ 5/28 տեղամաս և զանգվածային լրատվության միջոցի  ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, մոտենալով «hetq.am» էլեկտրոնային կայքի խմբագրության հանձնարարությամբ հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրող Դիանա Ղազարյանին՝ պահանջել է դադարեցնել նկարահանումները, նյութերի նախապատրաստումը և հեռանալ տեղամասից, սակայն վերջինս շարունակել է իր լրագրողական գործունեությունը: Այնուհետև Ա. Խուրշուդյանը վերցրել է Դ. Ղազարյանի դյուրակիր համակարգիչն ու դուրս եկել տեղամասից՝ իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտելով վերջինիս կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու նրա լիազորությունների ազատ իրականացմանը:

Ա. Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ  քրեական  օրենսգրքի  149-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:  Հայտնում են ՀՔԾ-ից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել