Սահմանադրական դատարանը նոր որոշում է կայացրել՝ Գլխավոր դատախազի դիմումի հիման վրա

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված «հայտնաբերված հանցագործության» և Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ պարբերությունը վերաբերում է պայմաններ ամրագրող նորմերին: Հետևաբար հետաքննող մարմինը պարտավոր է դատախազին տեղյակ պահել ոչ միայն գործով սկսված հետաքննության մասին, այլ նաև՝ հետաքննության մարմնի կողմից հայտնաբերված հանցագործության:

Մինչդեռ ըստ դիմումատուի՝ իրավակիրառական պրակտիկայում օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված «հայտնաբերված հանցագործության» և «գործով սկսված հետաքննության» դրույթներն ընկալվում են որպես «և» շաղկապով տարանջատված միաժամանակյա պայմաններ ամրագրող նորմեր: Արդյունքում, դատախազությունը եզրահանգել է՝ ըստ իրավակիրառական պրակտիկայի հետաքննության մարմինը պարտավոր է դատախազին անհապաղ տեղյակ պահել հայտնաբերված հանցագործության մասին միայն գործով հետաքննություն սկսելու պարագայում:

Դիմողն արձանագրել է, որ վիճարկվող կետով հայտնաբերված հանցագործության մասին դատախազին տեղյակ պահելու պարտականությունը սահմանող դրույթը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, դատախազին հնարավորություն չի տալիս մինչև հետաքննության մարմնի կողմից քրեական գործ հարուցելը (հետաքննություն սկսելը) իրացնելու հետաքննության մամրմնի կողմից հայտնաբերված հանցագործության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ինքնուրույնաբար քրեական գործ հարուցելու, նյութերի նախապատրաստումը քննիչին հանձնարարելու և այլ լիազորություններ:

ԱԴ-ն որոշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Ըստ ՍԴ-ի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Հետաքննության մարմնի լիազորությունները» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ «Հետաքննության մարմինը՝ … հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից ելնելով այն իրավակիրառ պրակտիկայում չի կարող մեկնաբանվել որպես «հայտնաբերված հանցագործության» և «գործով սկսված հետաքննության» եզրույթների՝ «և» շաղկապով տարանջատված միաժամանակյա անհրաժեշտ պայմանների ամրագրում՝ կիրառելով Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության իրավակարգավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել