Նոր մանրամասներ ՔԿ-ից Արագածավան գյուղի կրակոցներից

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։

ՔԿ-ից հայտնում են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։

Պարզվել է, որ մահացածները հանդիսանում են Արագածավան գյուղի բնակիչներ՝ Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ։

Օպերատիվ ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախկինում ձևավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով փետրվարի 3-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը կրակել է, որի հետևանքով Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանն ստացել է մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։

Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար  նշանակվել փորձաքննություններ։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արագածավան գյուղի 35-ամյա բնակիչ։ Նրա մոտ  հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել