Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Այսօր գործադիրի հերթական նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով խնդրին, ասաց, որ խորհրդակցության ընթացքում լսել է բոլոր կողմերին և անընդունելի է համարել արդարացումները. «Հանձնարարում եմ ՏԿԱԻ նախարարին մարզպետների հետ միասին քննարկել հարցերը: Ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ կարելի է նաև ազատել այդ պաշտոնյաներին իրենց զբաղեցրած պաշտոններից և հանրությանը տեղեկացնել կատարված աշխատանքների համար»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Ըստ կառավարության հաղորդագրության՝ խորհրդակցության ժամանակ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում՝ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում և Եղվարդում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու: ՎՊ-ի կողմից ստուգումներն իրականացվել են 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, հայտնաբերել 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում:
Անդրադառնալով Արագածոտնի մարզին՝ Իշխան Զաքարյանն ասել է, որ Աշտարակում, Ապարանում, Թալինում և Ծաղկահովիտում գործում են 4 ՍԾՏԳ-ներ, մարզում գրանցված է 7 հազար 769 նպաստառու ընտանիք: ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել 2014 թ.-ի հունվարի 1-ից 2015 թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերվել՝ 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում:
Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզպետների կողմից ստացել է համապատասխան գրություն: Վերջիններս վստահեցրել են, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել են, գումարները վերադարձվել պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները: