ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան կառավարությանն այսօր հարց ուղղեց, որը վերաբերում էր նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո կառավարության հրաժարականի հիմքերին և անցումային մի դրույթի:
«Քանի որ մենք նոր սահմանադրությամբ անցել ենք կառավարման խորհրդարանական համակարգի, հետևաբար հրաժարականի հիմքերը կրճատվել է: Եթե մենք ծանոթանում ենք անցումային դրույթների 212 հոդվածին, այստեղ մի զարմանալի հոդված ենք հայտնաբերում, որ նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է այդ հրաժարականը»,- նշեց պատգամավորը, դիմելով Դավիթ Հարությունյանին. «Չգիտես ինչի՝ կառավարության հրաժարականը կապում ենք Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող հանրապետության նախագահի հետ»:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գտել է տրամաբանական լուծում. «Նոր՝ ապագա ԱԺ-ն 2018թ. կընտրի հանրապետության նախագահ և ինչո՞ւ հանկարծ կառավարությունը պետք է հրաժարական տա, կամ վարչապետը: Պատասխանը պարզ է, որովհետև մինչ այդ պահը գործում է կառավարության ձևավորման բացարձակապես այլ մեխանիզմ, գործող սահմանադրությունը նախատեսում է երկու մեխանիզմ, ասում է Ազգային ժողովի տեղերի բաշխման և խորհրդակցելով ԱԺ քաղաքական ուժերի հետ՝ հանրապետության նախագահը առաջարկում է որպես վարչապետ մեծամասնության հավանությանն արժանացած անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին, այսինքն՝ տեսականորեն չի բացառվում, որ նոր ԱԺ-ի ձևավորումից հետո հանրապետության նախագահը առաջարկի ու չհաջողվի ձևավորել այնպիսի կառավարություն, որի վարչապետը, որի ղեկավարը մեծամասնության վստահությունն է վայելում և ձևավորվի այնպիսի կառավարություն, որ վայելում է 47 տոկոսի վստահությունը, սա գործող Սահմանադրությամբ: Ի՞նչ է ասում նոր Սահմանադրությունը՝ տրամաբանությունը բացարձակապես այլ է, նոր կառավարությունը երբ ձևավորվում է, հրաժարականից հետո պետք է ԱԺ բացարձակ վստահությունը վայելի, չվայելեց՝ չկա կառավարություն, ևս մի փորձի շանս կտան ԱԺ-ին, եթե չհաջողվեց, ապա, կներեք, պետք է նոր քաղաքական ներկապնակ ձևավորվի: Այսինքն՝ էական է տարբերությունը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Նա նաև հավելեց, որ խմբակցությունները պետք է ներկայացնեն իրենց թեկնածուին, որը պետք է ընտրվի ձայների բացարձակ մեծամասնությամբ: