2015 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 586 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով՝ ոստիկանության 168 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
– հայտարարվել է նկատողություն` 62,
– հայտարարվել է խիստ նկատողություն` 60,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 3,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 1,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 42:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 25 նյութեր:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում՝ ուսումնասիրվել և ամփոփվել են.
– ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,
– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:
2015 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումներ թույլ տալու կապակցությամբ կատարվել են 1584 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով 920 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում նրանցից 75-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 31 քրեական գործեր՝ 41 անձի վերաբերյալ: 12 անձի վերաբերյալ 11 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով: Ոստիկանության 12 ծառայողներ դատապարտվել են:
2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 2180-Ա հրամանով ներքին անվտանգության վարչությանն է հանձնարարվել ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով հասարակական միավորումների թեկնածուներին ընտրելու, կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը նշված հանձնաժողովին ներկայացնելու և նիստերի հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու գործառույթը:
2015 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 4 նիստեր, որոնց ընթացքում Հանձնաժողովի կողմից քննարկվել են ոստիկանության 14 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 12 նյութեր:
Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 13 ծառայողների նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում», իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից: