Խոսակցություններ կան, որ Կարեն Անդրեասյանի նկատմամբ հարկադրանքներ են կիրառվել. Նիկոլ Փաշինյան

Մարդու իրավունքների երեք պաշտպանների հետ կապված մեր երկրում խնդիր է եղել: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նա հիշեցրեց, որ ՄԻ բոլոր պաշտպաններն իրենց պաշտոնը լքել են ժամանակից շուտ:

Խոսելով Կարեն Անդրեասյանի պաշտոնից հրաժարվելու մասին, պատգամավորն ասաց. «Խոսակցություններ են գնում, որ հարկադրանքներ են կիրառվել, ստիպել են մարդուն, խոսակցություններ կան շանտաժի մասին և այդ ամեն ինչը կապվում է կոնկրետ մարդու անվան հետ, խոսքը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մասին է: Եթե ԱԺ-ն՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը, կարող է մի պաշտպան նշանակել ու որևէ երկրում դեսպան զանգի ասի՝ շուտ հրաժարական տուր և ինքը պետք է հրաժարական ներկայացնի, ապա սա լուրջ է»,- նշեց պատգամավորը՝ եզրահանգելով, որ հարկավոր է հասկանալ այս ինստիտուտի աշխատանքը:

«Եթե այս լուրերը պարզվի՝ իրականությանը համապատասխանում են, այստեղ քրեական հանցակա՞զմ չկա: ՄԻՊ-ը անձեռնամխելի, օրենքով սահմանված ինստիտուտի ղեկավար է, ի՞նչ է նշանակում՝ նրան հարկադրել, որպեսզի հրաժարական տա՝ ինչ-որ բեմի հետևում, ինչ-որ կուլիսներում»,- հարց ուղղեց նա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, ով չհասցրեց պատասխանել՝ ընդմիջման պատճառով, որից հետո էլ չմանրամասնեց՝ միայն մատնանշելով իրավական հիմքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել