Միակ հույսը Արթուր Օսիկյանն է

Շատ հեշտությամբ կարելի էր այնպես անել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում չլինեին փողոցային բարքերը: Պնդում է Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը. «Պարզապես պայման ես դնում դատարտյալի առև՝ կամ գնում ես լավ պայմաններում, բայց ապրում ես այնպես, ինչպես մենք ենք ասում, հակառակ դեպքում՝ կուղարկենք «Նուբարաշեն» ՔՀԿ, որտեղ կնստես այն պայմաններում, ինչ ունենք»:

Նրա կարծիքով, այսօր մեր իրականությունում հակառակն է. «Ովքե՞ր չեն հարմարվում այդ գողական բարքերի հետ, ավելի վատ պայմաններում են իրենց պատիժը կրում, քան թե նրանք, ովքեր նախընտրում են այդ բարքերով ապրել կամ ենթարկվել դրանց»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս իրավիճակն էլ հանգեցնում է մի շարք խնդիրների, որ այսօր առկա է բանտերում. «Սկսած կոռուպցիայով, այդ խաղերով, որ մեծ գումարներ են պարտվում մարդիկ, նույնիսկ սննդի հարցն է ցավալի»:

Տվյալ դեպքում, իրավապաշտպանը պնդեց, որ սննդի որակը քրեակատարողական հիմնարկներում շատ վատն է. «Նաև այն պատճառով, որ ոչ ոք չի ուտում: Եթե այնպես լիներ, որ մի օր արգելվեին հանձնուքները, ապա փորձեին ուտելիքի որակը վատը պահել, բունտ կլիներ հաջորդ օրը: Սա էլ բերում է այլ խնդրի՝ մեծ մասը գողանում են, որովհետև եթե մարդիկ չեն ուտում, ապա ինչո՞ւ են այդքան սարքում, մեկա կթափեն, մնացածը կգողանան, որակն էլ իրենց ձեռք է տալիս, որ վատը լինի, ինչքան վատը լինի, այնքան քիչ մարդ կուտի»:

Իսկ կոռուպցիան, նրա փոխանցմամբ, կապված է բանտային համակարգի յուրաքանչյուր ոլորտի հետ. «Հեռախոս, լավ խուց, վատ խուց, հեռուստացույց ունենալ, զբոսանքի գնալ, լողանալ, ամեն ինչի համար կարող են փող աշխատել բանտերում: Փող տան, որ իրենց չվնասեն, չխուզարկեն և անհանգստացնել: Այս համակարգը շատ սերտ աշխատում է գողական այլընտրանքային կառույցների հետ, այնտեղ էլ ամեն մեկն իր ներկայացուցիչն ունի, որ այդ փողը հավաքում է և ուղարկում համապատասխան մարմիններին»:

Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին պաշտոնին Արթուր Օսիկյանին նշանակելուց հետո կարծիք կար, որ այս խնդիրներն ի վերջո կլուծվեն՝ պարոն Դանիելյանն արձագանքեց. «Արթուր Օսիկյանը միայնակ չի կարող այդ խնդիրը լուծել: Այսօրվա դրությամբ Օսիկյանն աշխատում է նույն մարդկանց հետ, ովքեր նախկինում նույնպես այդ համակարգում են եղել: Հարկավոր է համակարգ փոխել: Մոտ ժամանակներս, եթե լուրջ փոփոխություն չլինի, թեկուզ քաղաքականության մեջ, ուրեմն որևէ բան նա չի կարող փոխել: Հույսեր կար, որ եթե ինչ-որ մեկը կարող էր փոխել եղած վարչության պետերի մեջ, ինձ թվում էր՝ Արթուր Օսիկյանն է: Ես համոզված եմ, որ նա ուզում է որևէ բան փոխել, բայց թե ինչքանով է կարողանում, սա այլ խնդիր է»,- եզրահանգեց իրավապաշտպանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել