Նախորդ տարվա հուլիսին ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով կասկածյալ անցնող բժշկուհի Շուշանիկ Բախշյանին այսօր մեղադրանք է առաջադրվել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
՝Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Այս հոդվածով պատիժ է սահմանվում 2-6 տարի ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դատարանին դիմում եղել է, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեռևս ոչ, դատաբժշկական փորձաքննություն է նշանակված՝ բժշկուհի Շուշանիկ Բախշյանի առողջական վիճակը պարզելու վերաբերյալ: