Ամբաստանյալ Բ. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` 2014թ. հունիսի 21-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում ավտոմեքենայով ճանապարհ չտալու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ռ.Հ.-ի հետ, որի ընթացքում խուլիգանական մղումներից ելնելով` իր անձի «առավելությունը» ցուցադրելու նպատակով, իր վարքով հակադրվելով շրջապատին, հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունք դրսևորելով` շուրջ 10 րոպե տևողության սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ռ.Հ.-ի հասցեին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Մեղադրանք է առաջադրվել նաև Ռ.Հ.-ին՝ կրկին նույն հիմքով, ինչպես նաև այն բանի համար, որ նա բռունցքով հարված է հասցրել Բ.Ե.-ի դեմքի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս, այնուհետև վիճաբանել այլ քաղաքացու հետ, վերջինիս հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, և այդ վիճաբանության ընթացքում 3-4 անգամ ապտակներ է հասցրել նրա դեմքի շրջանին:
Ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Առաջին ատյանի դատարանը վճռել է Բ.Ե.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ Ռ.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել կալանքի 1 ամիս ժամկետով:
Խափանման միջոց էր ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Վերաքննիչ բողոք է ներկայացվել, որն էլ մերժվել է: