«BBC»-ին և «BuzzFeed News»-ին հայտնի են դարձել գաղտնի նյութեր, որոնք ապացուցում են լայնամասշտաբ խաղային կեղծարարություն համաշխարհային մակարդակի թենիսում` ներառյալ Ուիմբլդոնը:
Անցած տասնամյակի ընթացքում Թենիսի բարեխղճության բաժանմունքին (ԹԲԲ) մի քանի անգամ հաղորդվել է թոփ-50-ի մեջ մտած 16 մարզիկների մասին, ովքեր կասկածվում են միտումնավոր կերպով խաղերում պարտվելու մեջ:
Այս բոլոր խաղացողներին, այդ թվում և Մեծ սաղավարտի տիտղոսակիրներին, թույլ է տրվել շարունակել մրցումները:
Քրիս Քերմոդը, ով ղեկավարում է Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիան (ԹՊԱ)` աշխարհի թենիսը կառավարող մարմինը, հերքել է այն պնդումները, որ պայմանավորված խաղերի որևէ ապացույցներ են թաքցվել կամ խորապես չեն հետազոտվել:
«BBC»-ին և «Buzzfeed News»-ին փոխանցված փաստաթղթերը ներառում են ԹՊԱ-ի կողմից 2007 թ.-ին իրականացված հետաքննության եզրակացությունները: Դրա մեջ հետաքննվում էին Նիկոլայ Դավիդենկոյի և Մարտին Վասսալլո Արգուելլոյի մասնակցությամբ խաղին հաջորդած կասկածելի խաղադրույքային գործողություններ: Հետաքննությունը դուրս եկավ մի խաղամոլ-աֆերիստների ցանցի հետքի վրա, որ կապակցված էր բարձր կարգի մարզիկների հետ: Ըստ ստացված փաստաթղթերի` արդյունքում հայտնաբերվել են խաղադրույքներով զբաղվող սինդիկատներ Ռուսաստանում, հյուսիսային Իտալիայում և Սիցիլիայում: Սրանք հարյուր հազարավոր ֆունտեր են վաստակել այն խաղերից, որոնք, քննիչների կարծիքով, եղել են պայմանավորված, այսինքն` միտումնավոր պարտված: Խաղերից երեքն անցել են «Ուիմբլդոն»-ի ընթացքում:
2008 թ.-ին հետաքննության խումբը տեղեկացրել է, որ այս խաղերում ներգրավված 28 մարզիկներ պետք է հետաքննվեն, սակայն այս բացահայտումներն այդպես էլ մնացին չօգտագործված:
Հաջորդ տարիներին ԹԲԲ-ն կրկնվող ահազանգեր է ստացել նշված մարզիկների մեկ երրորդի մասին, սակայն նրանցից և ոչ մեկը չի պատժվել ԹԲԲ-ի կողմից: Անանուն ազդարարների մի խումբ վերջերս փոխանցել է փաստաթղթերը «BBC»-ին և «Buzzfeed News»-ին:
Մարկ Ֆիլիպսը` 2007 թ.-ի հետազոտության խաղադրույքների քննիչներից մեկը, պատմել է «BBC»-ին, որ առկա են շատ ծանրակշիռ ապացույցներ մոտ 10 մարզիկների վերաբերյալ, ովքեր ենթադրաբար կանգնած են այս խնդրի ակունքների մոտ:
Վերոնշյալ կայքերին փոխանցվել են այլ մերօրյա մարզիկների անուններ, որոնց մասին ԹԲԲ-ն շարունակաբար ահազանգեր է ստացել: Նրանցից շատերը ընդհուպ մինչև 2003 թ.-ը հասնող կասկածելի խաղերի մեջ ներգրավված լինելու պատճառով եղել են թենիսի ղեկավար մարմինների ուշադրության կենտրոնում: Լրատվամիջոցները, սակայն, որոշել են չհրապարակել մարզիկների անունները. նրանց մեղավորությունն անձնական տվյալների անհասանելիության պատճառով դեռևս չի կարող ապացուցված համարվել:
Նախկին ոստիկանության գլխավոր կոնստեբլ Բեն Գանը, ում` թենիսում խաղադրույքների մասին կատարած մեծ ուսումնասիրությունը ժամանակին հանգեցրել է ԹԲԲ-ի հիմնադրմանը, առաջին անգամ է բարձրաձայնում իր մտահոգություններն այն մասին, որ առկա է խնդիրները փակ պահելու միտում:
Եվրոպական սպորտի անվտանգության ասոցիացիան, որն զբաղվում է առաջատար բուքմեյքերների համար խաղադրույքների մշտադիտարկմամբ, 2015 թ.-ին ԹԲԲ-ին ավելի քան 50 կասկածելի խաղ է մատնանշել: Ըստ կազմակերպության` թենիսում նկատվում է ավելի շատ կասկածելի մոլախաղային ակտիվություն, քան ցանկացած այլ սպորտաձևում: ԹԲԲ-ի ղեկավարը, սակայն, գտնում է, որ խաղադրույքներով զբաղվող ընկերություններն իրավասու չեն` խոսելու կոռուպցիային մասին, և պնդում, որ ԹԲԲ-ի կողմից ստացված բոլոր արժանահավատ տեղեկություններն ստուգվում և հետաքննվում են իրավապահ մարմիններում աշխատած փորձառու քննիչների կողմից:
Ինչևէ, կասկածելի խաղադրույքների և պայմանավորված խաղերի խնդիրը դեռևս չի վերանում:
Հավելենք, որ վերջին տասնամյակում կասկածվող մարզիկներից ութը մասնակցելու են հունվարի 18-ին մեկնարկող Ավստրալիայի բաց առաջնությունում (Australian Open).
Վերլուծական. «BBC»-ի թենիսի թղթակից Ռասլ Ֆուլըրի փոխանցմամբ`ԹԲԲ-ի 5 անդամներից բաղկացած աշխատակազմը հնարավոր կոռուպցիայի մասին տեղեկատվություն է ստանում մարզիկներից և խաղադրույք անող ընկերություններից: Նրանց հետաքննությունների արդյունքում վերջին երկու տարիներին յոթ մարզիկների և մեկ պաշտոնյայի արգելվել է գործունեություն ծավալել վեց ամսվանից մինչև ցմահ ժամկետով. այդ մարզիկներից միայն մեկն է երբևէ մտել թոփ-200-ի մեջ: Բացի աղբյուրների պակասությունից, կա ևս մեկ թերություն. քանի որ գործը քննելու կամ չքննելու մասին որոշումը կայացնում են սպորտի չորս ղեկավար մարմինները, ապա այս գործընթացում բացակայում է անհրաժեշտ մակարդակի թափանցիկությունը:
Պատրաստեց Հայկուհի Ալավերդյանը