Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողը Ինտերպոլի միջոցով հայտնաբերվել է

Ոստիկանությունից հայտնում են, որ 1994 թվականի օգոստոսի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել 1975 թ. ծնված Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝ ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար՝ սպանության փորձ, որը կատարվել է խուլիգանական դրդումներով և կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

2000 թվականի փետրվարի 28-ին նրա նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում։
Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնք տևական ժամանակ դրական արդյունք չէին տալիս։

2009 թ.-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արման Հովհաննիսյանը Իսպանիայում սպանության փորձ և կողոպուտ կատարելու համար այդ երկրում դատապարտվել էր այլ անձի տվյալներով։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Իսպանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համատեղ ձեռնարկվեցին լայնածավալ միջոցառումներ՝ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծավալուն միջոցառումներն, ի վերջո, տվեցին ցանկալի արդյունքը և միջնորդություն ներկայացվեց Իսպանիայի Թագավորության իրավասու մարմնին՝ նրան էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ։ Պարզվեց, որ Իսպանիայի դատական մարմնի որոշմամբ՝ Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը լրանում է 2021 թվականին։

Չնայած այն հանգամանքին, որ Հովհաննիսյանի կողմից ՀՀ-ում կատարված առանձնապես ծանր հանցագործություններից անցել էր 22 տարի և հետախուզվողը գտնվում էր արտերկրում այլ անձի անձնական տվյալներով, Ինտերպոլի ուղիներով ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ ապահովել պատժի անխուսափելիության սկզբունքի իրագործումը և 2016 թվականի հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերջինս տեղափոխվեց Հայաստան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել