Տարվա զավեշտը. 4-5 րոպե խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը կարողացավ 6 էջանոց դատական ակտ կազմել

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Վանաձորում աշխատող փաստաբան Արթուր Սուքիասյանը:

Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան: 

-Տարվա կարևոր իրադարձությունն, անշուշտ, սահմանադրական բարեփոխումներն էին: Առաջիկա տարիներին մեր իրավական դաշտի ուղղվածությունը և զարգացումները մեծապես պայմանավորված են լինելու հենց նշված իրադարձությամբ: 

Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:

-Օրենքին հակասող ցանկացած քայլ բացասաբար անդրադառնում է արդարադատության վիճակի վրա: Այդ բացասական ազդեցությունն ավելի էական և վտանգավոր է դառնում հատկապես, երբ օրենքը խախտում են ոլորտում պաշտոն զբաղեցնող, որոշումներ կայացնող անձինք:

Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:

-Որպես ամենաազդեցիկ որևէ դատական գործ չեմ կարող նշել: Կարևորում եմ այն դատական գործերը, որոնք միտված են համակարգային խնդիրներ լուծելուն և որևէ ոլորտում առկա արատավոր պրակտիկան փոփոխելուն:

Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու՞:

-Ցավոք սրտի, հաճախակի եմ հանդիպում դատական ակտերի, որոնցում առկա են աբսուրդի հասնող անտրամաբանական հետևություններ և եզրահանգումներ:

Ամենազավեշտալի դեպքը, որ պատահեց աշխատանքի ընթացում:

-Ընդամենը 4-5 րոպե խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը կարողացավ վեց էջանոց դատական ակտ կազմել: Հավանաբար այդ «շտապողականությամբ» պայմանավորված էլ մոռացել էր ստորագրել որոշումը:

Նշված դեպքը ներկայացնում եմ որպես զավեշտալի, բայց իրականում արդարադատության նկատմամբ նմանատիպ վերաբերմունքն անթույլատրելի է: 

՞նչ եք խնդրել Ձմեռ Պապիկից:
-Քանի որ սահմանադրական բարեփոխումները զուգորդվել են շատ խոստումներով, և ակնկալվում է, որ «արդեն ամեն ինչ լավ է լինելու», Ձմեռ Պապիկից ոչինչ չեմ խնդրել:

Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:

-Ամանորը դիմավորում եմ տանը` ընտանիքիս հետ: Տոնական օրերին շատ ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ և ֆիլմեր եմ դիտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել