Իրավաբան.net-ի տոնական, ամփոփիչ հարցերին պատասխանում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը:
–Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան:
-Այս առումով տարվա կարևորագույն իրադարձությունը, անշուշտ, սահմանադրական բարեփոխումներն են: Թե ինչ դրական կամ բացասական ազդեցություն դա կունենա պետության, հասարակության վրա, ցույց կտա ժամանակը:
–Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:
-Հուսով եմ, որ նման քայլ չի լինի Սահմանադրության արմատական փոփոխությունը:
–Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:
-Այն, որը դեռ չի կայացել: Արևելյան մարտարվեստներում կա այսպիսի հասկացություն, որ ամենալավ մենամարտը այն է, որը չի կայացել:
–Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:
-Մեզանում ազնիվ և պրոֆեսիոնալ իրավաբաններ շատ կան, սակայն կուզենայի նշել շնորհալի երիտասարդ իրավաբան Առնոլդ Վարդանյանին, որը զուհահեռաբար սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, Փաստաբանների դպրոցում: Բոլորովին վերջերս հաջողությամբ ավարտեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը որպես Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի կամավոր անվճար իրավաբանական աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ քաղաքացիների: Առնոլդի նման տաղանդավոր երիտասարդ իրավաբանները շատ շուտով իրենց զգալի դերակատարումը կունենան մեր երկրի իրավական համակարգի զարգացման գործում: Նման դեպքերում կատակով ասում են, որ հեռու կգնան, եթե, իհարկե, չկանգնեցնեն:
–Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու:
-Եղել են դեպքեր, երբ քաղաքացիների դիմումների հետ կապված պատկան մարմիններից ստացվել են խնդրի հետ, մեղմ ասած, թույլ առնչություն ունեցող պատասխաններ (խուսագրություններ):
–Ամենազավեշտալի դեպքը, որ պատահեց աշխատանքի ընթացքում:
-Իմ 20-ամյա մասնագիտական գործունեության ընթացքում զավեշտալի դեպքեր շատ են եղել, սակայն նշեմ ամենաթարմ դեպքը: Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի դիմաց քաղաքացիներից մեկը խնդրեց, որ իրեն դեղ առնելու համար տրամադրենք 3000 դրամ: Փորձեցինք իրեն բացատրել, որ տրամադրում ենք իրավաբանական, այլ ոչ սոցիալական օգնություն, և եթե նա ունի որևէ իրավական խնդիր, ապա պատրաստ ենք իրեն լսել: Տեսնելով, որ դեղի համար գումար ստանալ կարծես չի հաջողվում, նա փոխեց իր պահանջը խնդրելով գոնե հոգալ Երևան-Մասիս-Երևան ուղղությամբ իր ճանապարհածախսը: Այդ դեպքը ինձ հիշեցրեց խորհրդային ժամանակների մի կատակ, երբ մեկը մյուսին ինչ-որ խորհուրդ է տալիս, սակայն վերջինս նեղացած հորդորում է իրեն թողնել իր խորհուրդները և դրա փոխարեն նյութապես օգնել:
–Ի՞նչ եք խնդրել Ձմեռ Պապիկից:
-Ես, առհասարակ, աշխատում եմ հնարավորինս քիչ խնդրանքներով դիմել, որ նեղություն չպատճառեմ: Հաշվի առնելով աշխարհում տիրող ֆինանսատնտեսական ճգնաժամը, որոշեցի Ձմեռ Պապիկին չծանրաբեռնել համեստ մշակիս խնդրանքներով:
–Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:
-Ընտանիքիս, մերձավորներիս շրջապատում:
-2016-ից ձեր ակնակալիքներն ու մաղթանքը:
Ակնկալիքներս միայն դրական են ու լուսավոր: Մաղթում եմ, որ գալիք տարին շատ կապիկություններ չանի և լինի առողջության, հաջողության, երջանկության, սիրո, խաղաղության և բարի ու ազնիվ նպատակների իրականացման տարի: Մաղթում եմ նաև, որ 2016-ը լինի կոռուպցիայի անկման և բարեխղճության հաստատման տարի: