Քաղաքացի Սյուզաննա Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել ավտոմեքենա, որի միջից դուրս եկած իրեն համակրող Արմեն Կ.-ն հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են մեքենան ու առևանգել են: Ճանապարհին իրենց կանգնեցրել է պետավտոտեսուչը և ինքը, օգտվելով առիթից, օգնություն է խնդրել վերջինիցս: Ճանապարհային ոստիկանը իրենց հրավիրել է ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Կ.-ն հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին ամուսնության նպատակով առևանգել են Սյուզաննա Ս.-ին: Այս մասին հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: