ՔԿ. բացահայտվել են Երևանի բուքմեյքերական 2 գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Տերյան և Լեո փողոցների վրա գործող բուքմեյքերական գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

2015 թվականի դեկտեմբերի 20-ին ահազանգ էր ստացվել, որ ավազակային հարձակում է կատարվել Երևան քաղաքի Տերյան փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակներից մեկի վրա.  2 անձինք  զենքի  գործադրմամբ հարձակվել են  գրասենյակի աշխատակիցներ Մ.Մարգարյանի , Դ.Գանջումյանի վրա ու վերջիններիս  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով  հափշտակել են խոշոր չափի գումար ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ 2015թ. դեկտեմբերի 29-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Երևանի բնակիչներ Գ.Սերոբյանը եւ Ռ.Ռաֆայելյանը։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ կասկածյալներից մեկը՝ Գ.Սերոբյանը մեկ այլ անձի հետ մասնակցել է նաև Լեո փողոցի վրա գործող բուքմեյքերական գրասենյակում դեկտեմբեր ամսին տեղի ունեցած ավազակային հարձակմանը։ Նկատի ունենալով նշված հանգամանքը՝ որոշում է կայացվել նշված 2 ավազակային հարձակումների դեպքերի առթիվ հարուցված  քրեական գործերը միացնել մեկ վարույթում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Սերոբյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով (2 դրվագ) Ռ.Ռաֆայելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով (1դրվագ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Լեո փողոցի վրա գործող բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել