«Հայտնիր Գյոզալյան, մեջդ մի պահիր». ասել է դատավորը՝ փաստաբան Գևորգ Գյոզալյանին

Հարցազրույց փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:

Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:

Իմ կարծիքով 2015թ-ի կարևորագույն իրավական իրադարձությունը նոր սահմանադրության անցկացումն էր, որն անձնապես ինձ համար չի վայելում այն հեղինակությունը, որը վայելում էր նախկին Սահմանադրությունը։ Ինչո՞ւ այսպես, շատ պարզ՝ դրա լեգիտիմությունն ինձ համար առնվազն կասկածելի է:

Արդյոք մեր երկում դրակա՞ն տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:

Գիտեք միգուցե մեկ երկու դեպք եղել են, որ կարելի է որպես տեղաշարժ անվանել դրական իմաստով, բայց ընդհանուր առմամբ ես իմ գործերով որևէ դրական տեղաշարժ չեմ նկատել։ Դատարանները գործել են այնպես ինչպես միշտ են գործել, այսինքն վատ։ Դատական գործերը տարիներով քննվում են առաջին ատյանի դատարաններում և այստեղ սին են այն պատճառաբանությունները, որ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով է այդպես։ Ընդունելով հանդերձ այդ ակնհայտ իրողությունը (ծանրաբեռնվածությունը), սակայն պետք է նշեմ, որ շատ դեպքերում հենց դատավորներն են նպաստում այդ ծանրաբեռնվածությանը, իրականացնելով խայտառակ ոչ որակյալ արդարադատություն և այլն։ Բավական է միայն ուսումնասիրել մի շարք դատարանների դատավորներից մի քանիսի գործերը և ամեն ինչ պարզ կլինի:

Կոռուպցիոն իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:

Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չունեմ օբյեկտիվ վիճակագրական տվյալներ, բայց կարող եմ ասել, որ կոնկրետ իմ գրասենյակում առկա գործերով ոչինչ չի փոխվել, անգամ մեկ դեպք եմ ունեցել, երբ մի գործով դատական երկրորդ նիստից հետո ուղղակի ճչում էր, որ դատավորը շատ մեղմ ասած մոտ 100,000,000 ՀՀ դրամանոց գործով ուղղակի շահագրգռված է, իսկ քանի որ իմ պրակտիկայի ընթացքում ես սովորել եմ դատական երկրորդ նիստից հետո ներքին ինտուիցիայով, բարեկիրթ ասած, զգալ դատավորի շահագրգռվածությունը, ապա կարող եմ ասել ինձ համար բան չի փոխվել։

Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:

Ինչպես կարելի է գոհ լինել ներկա գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից։ Առաջինի դեպքում, օդում կախված բազմաթիվ հարցերն այդպես էլ օդում կախված մնացին, իսկ երկրորդի դեպքում, հանած մի քանի պատգամավորների, կարելի է հաստատապես ամոթ զգալ նման ԱԺ ունենալու համար, կարծում եմ, որ հայ ժողովուրդը շատ ավելի լավն է քան իր այսպես ասած ներկայացուցիչները։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:

Առանձնակի ակնկալիքներ չունեմ։ Հուսով եմ Աստծու զորությամբ կպահպանվի խաղաղությունը։

Ո՞րն է տարվա սկանդալային դատական գործը:

Իմ գրասենյակը երկու սկանդալային դատական գործ է ունեցել և դեռևս ունի, որոնցից մեկը կապված է Կենտրոն դատարանի դատավոր Ափինյանի հետ, իսկ մյուսը Շենգավիթ դատարանի դատավոր Կուբանյանի հետ։ Կարծում եմ 2016թ-ին ես կանեմ օրենքով սահմանված հնարավորը, որպեսզի առնվազն թույլ չտամ սուբյեկտիվ գործոնի գերակայությունը պրոցեսի վրա, որի արդյունքում տուժում է ոչ միայն արդարադատության շահը, այլ նաև մարդկային հավատն է կորում, բայց սա արդեն այլ թեմա է:

Ի՞նչ զավեշտալի կամ հետաքրքրաշարժ դեպքեր եք հիշում Ձեր պրակտիկայից:

Գիտեք, փաստաբանական պրակտիկայում, երբ դու փորձում ես որևէ կոնտակտի մեջ չմտնել դատավորների հետ և քո գործը փորձում ես անել հիմնվելով բացառապես քո գիտելիքների վրա, կարելի է ասել գործերիդ մեծամասնությունը զավեշտի ոլորտից են, քանի որ դատական վերջնական արդյունքը կապված չէ բուն պրոցեսի հետ։ Իսկ եթե կոնկրետ մեկ դեպք հիշեմ, ապա դա կապված է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ պարոն Ուզունյանի հետ, երբ մի գործով երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն էի ցանկանում ներկայացնել, ի տարբերություն շատ դատավորների, նա իրեն հատուկ սրամտությամբ ասաց. «Հայտնիր Գյոզալյան, մեջդ մի պահիր, երիտասարդ ես, դուրս հանիր մեջիցդ, պահպանիր առողջությունդ» և այսպես հումորային էլ ընդունեց ինքնաբացարկի միջնորդությունը, իհարկե նշելով, որ նա տվյալ գործով անաչառ է, սակայն որպեսզի փարատի իմ կասկածները հայտնում է ինքնաբացարկ։

Ինչպե՞ս եք նշել Ամանորը:

Ամանորը ես միշտ նշում եմ իմ ընտանիքի հետ, տանը, ջերմ մթնոլորտում։

Ի՞նչ հետաքրքիր հուշ կպատմեք Ամանորից:

Թերևս մեկ դեպք եմ հիշում, երբ ծառայության մեջ, բանակային ընկերներիս հետ նշում էինք 1999-2000թթ ամանորը և այդ առթիվ չգիտեմ որտեղից ընկերներիցս մեկը օղի էր հայթայթել և բնականաբար այն զբաղեցրել էր սեղանի պատվավոր տեղը՝ մեջտեղը (խոսքը 2 լիտրանոց օղու շշի մասին է)։ Միաժամանակ սեղանի տակը դրված էր կոլայի շշով ջուր։ Ասեմ նաև, որ այդ ժամանակ հերթապահ էր արցախցի սպաներից մեկը, որին մենք անվանում էինք կապիտան Ջեկ, ով մոտ հիսուննանց սպա էր և թեև իրական անունն էր Վալերա, այդուհանդերձ մենք նրան անվանում էինք կապիտան Ջեկ։ Շատ լավ մարդ էր, բայց ահավոր այսպես ասած «ուստավչիկ»։ Եվ ահա գիշերը մոտավորապես ժամը մեկի կողմերը, երբ ընկերներիցս մեկը խմում էր ծնողների այդ թվում՝ զոնքանչերի կենացը, կապիտան Ջեկը քացով բացում է դուռը և ներս խուժելով, իրեն հատուկ ղարաբաղյան բարբառով (օգտագործում էր «ա լակուտներ» բառը) փորձում էր ճշտել թե արդյո՞ք չենք խմում։ Եվ քանի որ բոլորս ասացինք չենք խմում, նա ասաց բա դա ինչ է, ցույց տալով սեղանի վրա դրված օղու շիշը և մենք ասացինք, որ ջուր է կապիտան։ Առաջանալով և տեսնելով սեղանի տակ դրված կոլայի շիշը նա իրեն հատուկ ժպիտով, ուրախացած, այն վերցնելով և կարծելով թե բռնել է մեզ համտեսեց և տեսավ, որ ջուր է և տխուր տրտում գնում էր դուրս, երբ գետնին տեսավ օղու շշի խցանի մի կտոր և հետ վերադառնալով տագնապ հայտարարեց և մենք ամբողջ գիշեր, հակագազով և զենք զինամթերքով ստիպված էինք վազել մոտ երեք ժամ։ Ահա այդպես։ Թեև հիմա ես հպարտանում եմ մեր ժամանակի՝ ԼՂՀ բանակով, քանի որ այլ կերպ չպետք է լիներ։

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել