Հարցազրույց իրավաբան Առնոլդ Վարդանյանի հետ:
Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:
Իմ կարծիքով այս տարվա կարևորագույն իրավական իրադարձությունը ՀՀ-ում իրականացված հիմնական, մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխություններն էին, որոնք պետք է սկիզբ դնեն մարդու իրավունքների պաշտպանության
Արդյոք մեր երկում դրական տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:
Միանշանակ, թերևս քննարկման ենթակա չէ այն իրողությունը, որ աճել է արդարացման դատական ակտերի թիվը, սակայն ըստ իս, դա չէ այն չափորոշիչը, որով պետք է գնահատել արդարադատության մակարդակի աճը, քանզի արդարադատության դրական տեղաշարժը է պետք համարել նաև ներպետական օրենսդրության կատարելագործումը: Ներկայումս, գրեթե չկա մի օրենսգիրք, որը համակարգային փոփոխությունների չենթարկվի, որոնք ուղղված են արդարադատության մակարդակի աճմանը: Այս առումով, պետք է նշեմ, որ նախաձեռնված փոփոխությունների արդյունքում, կկարողանանք արձանագրել արդարադատության աճ, եթե արդարադատությունը ոչ միայն իրականացվի, այլ այն հասարակության աչքերում լինի համոզիչ, տեսանելի և ընկալվի վերջինիս կողմից որպես արդարության հաստատում:
Կոռուպցիոն իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:
Չնայած, որ կոռուպցիան, կոռուպցիոն հանցագործությունները հիմնականում կրում են լատենտային բնույթ, միևնույնն է տարեց տարի աճում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ինչ խոսք դա տեղի է ունենում դանդաղ, բայց տեղի է ունենում, այս առումով 2015թ.-ը բացառություն չէր:
Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:
Այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ, այդ մարմինների աշխատանքից դժգոհ եմ այնքանով, որքանով որ արդեն մի քանի տարի մշակված, ես կասեի նույնիսկ նոր իրավական քաղաքակրթության սկիզբը դնող նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը պարբերաբար ձգձգվում է:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:
Ակնկալիքները բավականին շատ են, նոր գիտական ուսումնասիրություններ, նոր վերլուծություններ, նորանոր բարձունքների նվաճում ի նպաստ միմիայն իրավագիտության համակարգային զարգացմանը: Եթե այս հարցին առավել գլոբալ պատասխանեմ, ապա ըստ իս՝ 2016-ին սպասվում են իրավական բարեփոխումների նոր թափով զարգացում, քանզի մյուս տարի վերջին տարին է 2012-2016թթ-ի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրի:
Ո՞րն է տարվա սկանդալային դատական գործը:
Կոնկրետ գործ այս պահին որպես այդպիսին չեմ մտաբերի, սակայն գիտեք ինչ, դատական գործին տալ «սկանդալային» որակումը ճիշտ չէ, քանզի յուրաքանչյուր գործ էլ առանձնանում է իր յուրահատկությամբ, իրավական խնդիրների, օրենսդրական բացերի առկայությամբ, դա հասարակությունն է, որ տալիս այդպիսի որակում ըստ իր իրավագիտակցության:
Ի՞նչ զավեշտալի կամ հետաքրքրաշարժ դեպքեր եք հիշում Ձեր պրակտիկայից:
Զավեշտալի չէ, բայց հետաքրքրաշարժ գործերը մշտապես էլ ուղեկցում են ինձ, ընդամենը կիսվեմ մի զգացողությամբ Ձեզ հետ, որն ուղղակի չի կարելի բառերով, նկարագրել: Այդպիսին է զգացումը, երբ դու ունենում ես շահառու, նրա համար բացառապես անհատույց հիմունքներով հայց գրում, իրավական խորհրդատվություն տալիս, հետո հաղթում նրա գործը, հետո տեսնում ես թե ինչպես է նա ուրախությունից արտասվում, այդպիսի դեպ գրանցվեց այս տարվա դեկտեմբերի 9-ին կազմակերպված հակակոռուպցիոն մրցանակաբաշխությանը:
Ինչպե՞ս եք նշել Ամանորը:
Ամանորը նշել եմ ՀՀ-ում, տանը, ընտանեկան միջավայրում:
Ի՞նչ հետաքրքիր հուշ կպատմեք Ամանորից:
Ճիշտն ասած հուշ որպես այդպիսին չունեմ Ամանորից, միակ հուշը այն է, որ գրեթե միշտ ամանորյա արձակուրդներին հաջորդել են համալսարանական քննությունները, որոնց նախապատրաստվելուն էլ տրամադրել եմ իմ արձակուրդային օրերը: Ի դեպ, այս տարին բացառություն չէ այդ առումով:
Գ.Թ.