Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օրենք է ստորագրել, որի համաձայն՝ արգելվում է բանկային վարկերի համար պարտք ունեցող անձանց արտադատական հարկադիր վտարումը իրենց բնակարաններից պարտքը մարելու նպատակով: Նախագահի աշխատակազմում կարծում են, որ նման մոտեցումը կնպաստի իրավական պետության և ազգային իրավակարգի գաղափարի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև եվրոպական ստանդարտների և պրակտիկայի ներդրմանը:
«Ոստիկանության և հարկադիր վարույթի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ պարտապանի վտարումը իր բնակարանից հնարավոր է միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա: Բացի այդ, ուժը կորցրած է ճանաչվել անշարժ գույքի սեփականատերերի վտարումը հարկադիր եղանակով թույլատրող նորմը: Տեղեկանում ենք տեղական լրատվամիջոցներից: