Չինաստանում վերջապես ընտանեկան բռնությունը արգելող օրենք է ընդունվել

Չինաստանը վերջապես ընդունել է իր առաջին համազգային օրենքը, որը արգելում է ընտանեկան բռնությունը: Նոր օրենքը վերաբերում է ինչպես ամուսնացած, այնպես էլ համատեղ ապրող զույգերին, ինչպես նաև նրանց, ովքեր ապրում են խնամատար ընտանիքներում: Ըստ  «Սինհուա» պետական լրատվական գործակալության՝ օրենքը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Այն նաև առաջին անգամ սահմանում է ընտանեկան բռնություն հասկացությունը և ներառում է և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական բռնությունը: Այնումաենայնիվ, ըստ քննադատների, օրենքը բացթողումներ ունի. այն չի վերաբերում միասեռական զույգերին և որևէ հիշատակում չի արվում սեռական բռնության վերաբերյալ:

Մինչև 2001թ.-ի ամուսնության մասին օրենքի ընդունումը՝ Չինաստանում բռնությունը հիմք չեր հանդիսանում ամուսնալուծության համար և համարվում էր անձնական հարց, որը պետք է լուծվեր ընտանիքի անդամների կողմից, սակայն 2013թ.-ին Լի Յունգի և ամերիկացի կնոջ՝ Քիմ Լիի՝ մեծ իրարանցում առաջացրած ամուսնալուծությունը խնդիրն ավելի տեսանելի դարձրեց: 2011թ.-ին կինը չինական մամուլում հրապարակել էր իր կապտուկներով պատված դեմքի մի լուսանկար և մեղադրում էր ամուսնուն ընտանեկան բռնության մեջ: Յունգը խոստովանել էր, որ ծեծել է կնոջը, սակայն պատճառը եղել է այն, որ կինը խախտել է չինական ավանդույթը և անձնական խնդիրները ի ցույց է դրել հանրությանը: Այս միջադեպը ընտանեկան բռնության շուրջ հասարակական բանավեճի առիթ է հանդիսացել:

Ըստ Կանանց համաչինական ֆեդերացիայի հաշվարկների՝ ամուսնացած 4 կանանցից առնվազն մեկը ենթարկվում է ընտանեկան բռնության:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել