Դատավորը հետաձգել է դատական նիստը Օմբուդսմենի ներկայացուցիչների փաստարկներից հետո

Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է Օմբուդսմենին և փոխանցել, որ իր պաշտպանյալը նախկինում տառապել է տուբերկուլյոզով, և օրեր առաջ կալանավայրում  նրա վիճակը կտրուկ վատացել է:

Այսօր Օմբուդսմենի ներկայացուցիչն ու բժիշկ փորձագետն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորին՝ ծանոթանալու նրա խնդիրներին ու առողջական վիճակին: Տեղում ուսումնասիրել են նրա բժշկական փաստաթղթերը և զրուցել բուժող բժշկի հետ:

Այնուհետև կալանավորի առողջական վիճակի մասին հենց իրենից տեղեկանալու նպատակով ցանակացել են հանդիպել կալանավորին, սակայն վերջինս այդ պահին գտնվել է դատարանում: Հաշվի առնելով կալանավորի առողջական վիճակն ու հետագայում հնարավոր սրացումները՝ Օմբուդսմենի աշխատակիցները գնացել են դատարան` կալանավորին տեսակցելու:

Դատավորը, հաշվի առնելով Օմբուդսմենի ներկայացուցիչների փաստարկները և հարցի հրատապությունը, հետաձգել է դատական նիստը` ապահովելու համար կալանավորի առանձնազրույցն Օմբուդսմենի ներկայացուցիչների հետ:

Փաստաբանի ներկայությամբ Օմբուդսմենի ներկայացուցիչները տեղեկացրել են կալանավորին, որ իր մոտ այս փուլում չի հաստատվել տուբերկուլյոզ, ախտորոշվել է քրոնիկ բրոնխիտ, և արդեն իսկ նշանակվել է համապատասխան բուժում, ու կարգավորվել է դեղորայքի տրամադրման հարցը:

Պաշտպանի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև փաստաբանի՝ կալանավորին առանձին խուց տեղափոխելու հարցին, սակայն կալանավորը ստացած տեղեկություններից հետո հրաժարվել է մեկուսանալ խցակիցներից, քանի որ իր մոտ տուբերկուլյոզ չի ախտորոշվել: Այս մասին տեղեկացնում են Օմբուդսմենի աշխատակազմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել