Այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար, -Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` վերը նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:
Եթե հանցանք կատարած անձանց հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ է նախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներ չներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:
Եթե պետությունը հրաժարվում է հանձնել հանցանք կատարած անձին, օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Աղբյուրը`Իրավաբան.net