ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 06:00-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան 20/1 հասցեում վիրավոր մարդ կա, իսկ ժամը 06:05-ին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որ գլխի, կրծքավանդակի, ձախ ձեռքի շրջանի կտրած, ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա.Մարտիրոսյանը՝ ծնված 1968 թվականին, ով Մյասնիկյան 20/1 հասցեում ենթարկվել է հարձակման:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ պարզվել է, որ դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար: Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով և ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին և դիմել փախուստի: Ա.Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել են քննչական և դատավարական մեծածավալ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատամիկրոմասնիկային համալիր փորձաքննություններ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: