Քաղաքացիական ակտիվիստը դատարանում վիրավորել է Վլադիմիր Գասպարյանին և դատավորին. նրան մեղադրանք է առաջադրված

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է վիրավորական արտահայտությունները:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գասպարին ասել է. «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին՝ ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարիա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»:

Բացի այդ, նա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին ասել է. «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում, Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա»:

Մեղադրական եզրակացության մեջ նաև նշվում է, որ քաղաքացիական ակտիվիստն այսկերպ խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել