Նախկինում չորս անգամ դատված Արայիկ Սարգսյանը նորից ամբաստանյալի աթոռին է՝ այս անգամ խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա պատիժ է կրելիս եղել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: 2015 թվականի սեպտեմբերի 27-ին քրեակատարողական հիմնարկից զանգահարել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Դավթյանին, ներկայացել է որպես ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Լևոնի Նալբանդյան և խոստացել նրան նշանակել «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում՝ 1 միլիոն դրամի դիմաց:
Գինեկոլոգից պահանջել է իր փաստաթղթերը փոխանցել Միքայելյան ազգանունով անձնավորությանը: Հետագայում՝ Արայիկ Սարգսյանը, ուրիշի խոշոր չափերով գումարին խարդախությամբ տիրանալու իր դիտավորությունն իրագործելու նպատակով, ծանոթի՝ Վահե Միքայելյանի միջոցով և պարբերաբար զանգահարելով Արմեն Դավթյանին, վստահեցրել է նրան, որ տնօրենի պաշտոնին նշանակվելու համար անհրաժեշտ է 1.000.000 դրամ գումար և այն պետք է փոխանցվի պահանջվող փաստաթղթերի հետ միասին:
Սակայն այս հանցավորության մասին Արմեն Դավթյանը գրավոր հաղորդում է տվել ազգային անվտանգության ծառայությունում, որի արդյունքում Արայիկ Աարգսյանին չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել: Պահանջած գումարի մի մասը՝ 150.000 դրամը հայտնաբերվել ու վերցվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ամբաստանյալը կալանքի տակ է: Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: