Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննված գործով` որպես վկա հարցաքննվելիս տվել է սուտ ցուցմունք, նա դատարանում ասել է, թե կնքված բնակարանի գրավի և փոխառության պայմանագրով Ա.Ե.-ն տվել է 15.000 ԱՄՆ դոլար գումար, մինչդեռ դատավճռով ապացուցվել է, որ տվել է ոչ թե 15.000 ԱՄՆ դոլար, այլ 11.000 ԱՄՆ դոլար և ոչ թե Ա. Ե.-ին, այլ նույն գործով ամբաստանյալ Ա. Մ.-ին:
Գործը քննվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել ։
Չանդրադառնալով Ն.Ա.-ի կողմից վերոհիշյալ գործով դատարանում տված ցուցմունքի սուտ լինելու կամ չլինելու հարցին, դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում նաև քրեական գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալու համար։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար։
Այսինքն` սուտ ցուցմունք տալու հանցակազմի պարտադիր տարր է հանդիսանում անձի կողմից տված ցուցմունքի` հիմնական գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունենալու հանգամանքը, որը, անհերքելիորեն, կարող է պարզաբանվել միայն հիմնական գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ և գնահատմամբ (ՀՀ վճռաբեկ դատարանի 2010թ. օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0301/01/09 որոշում)։
Գործի նյութերի հետազոտությամբ պարզվել է, որ ինչպես Ն.Ա.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ, այնպես էլ նրա վերաբերյալ կազմված և հաստատված մեղադրական եզրակացությամբ անդրադարձ չի կատարվել կարևորագույն այն հանգամանքին, թե Ն.Ա.-ի կողմից սուտ ցուցմունք տալը ինչ նշանակություն կարող էր ունենալ Ա.Մ.-ի վերաբերյալ գործի լուծման համար։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն` անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է։ Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով։ Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը։
Նույն օրենսգրքի 270-րդ հոդվածի համաձայն` մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները։ Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը։
Մեջբերված քրեադատավարական դրույթները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից համակարգային վերլուծության են ենթարկվել 2010թ. նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշմամբ, որտեղ մեկնաբանվել է նաև «մեղադրանքի ձևակերպում» հասկացությունը։
Այսպես, «մեղադրանքի ձևակերպում» իրենից ներկայացնում է.
ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստերը, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին
բ) քրեական օրենքի հստակ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը։
Մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի վերագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար՝ պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները։ Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն։
Մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է նրանով, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ իրականացնել իր պաշտպանության իրավունքը։
Վերլուծելով սույն քրեական գործով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերոգրյալ նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման լույսի ներքո` դատարանն արձանագրում է, որ այն չի բխում ինչպես նշված իրավանորմերից, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից։ Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն անորոշ է և անհստակ, չի բովանդակում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ։
Մասնավորապես, ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե ինչ նշանակություն կարող էր ունենալ Ն.Ա.-ի կողմից սուտ ցուցմունք տալն Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ գործի լուծման համար։
Վերոգրյալից ելնելով դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի ներառում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին։
Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը օբյեկտիվ կողմից դրսևորվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հաղորդելու մեջ։ Ընդ որում, այդ տեղեկությունները պետք է վերաբերեն այն հանգամանքներին, որոնք ենթակա են ապացուցման կոնկրետ քրեական գործով։ Այնպիսի հանգամանքների մասին սուտ տեղեկություններ հաղորդելը, որոնք չեն վերաբերում ապացուցման առարկային կամ նշանակություն չունեն կոնկրետ գործն ըստ էության լուծելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշ չեն կարող ունենալ։
Դատարանն արձանագրել է, որ Ն. Ա.-ի կողմից ենթադրյալ սուտ ցուցմունք տալը որևէ նշանակություն չէր կարող ունենալ Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ գործի լուծման համար՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատելով դատավճռից դատարանը էական չի համարել այն հանգամանքը, թե կոնկրետ ում և որքան գումար է տվել Ն. Ա.-ն։
ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով Ն.Ա.-ն ճանաչվել է անպարտ և արդարացնել։ Ն.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է։
Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան ։
Պատրաստեց Գևորգ Թոսունյանը