2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ևս 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու և քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։
1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին ստացվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը՝ թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգի հիման վրա։
2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:
Ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց համաձայն՝ 06.12.2015թ.՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ Մ.Հարությունյանը, պարզելով, որ նշված անձի անձնագրում արդեն իսկ առկա է դրոշմակնիք, կանչել է հանձնաժողովի նախագահ Արա Էդիկի Դադայանին: Նույն պահին Մ.Հարությունյանին մոտեցած անձը, վերցնելով անձնագիրը, շտապ հեռացել է ընտրատեղամասից: Նշված փաստն Ա.Դադայանի կողմից արձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։
2.Դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «hetq.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Ինչպես «այո»-ի քվեաթերթիկներն ավելացան ընտրատեղամասի հոսանքազրկումից հետո» վերտառությամբ հրապարակումը:
Հրապարակման հիման վրա քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ժամի ավարտից հետո՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/14 ընտրատեղամասում ձայների հաշվարկի ընթացքում, տեղամասը հոսանքազրկվել է, որի ժամանակ, դեռևս չպարզված անձի կողմից, տեղի է ունեցել քվեարկության արդյունքները կեղծելու դեպք` սեղանին դրված քվեաթերթիկների վրա նոր քվեաթերթիկներ ավելացնելու եղանակով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բավարար հիմքեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։ Միաժամանակ, որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։
3. Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկատվական հարթակում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ 07/01 ընտրատեղամասի դիտորդ Քեթքարթ Ուիլը նկատել է, որ 2 քույրերը` Հռիփսիմե և Գայանե Հովսեփյանները, եկել են քվեարկության, սակայն նրանց անվան դիմաց եղել են ստորագրություններ: Հանձնաժողովը խախտումը չի արձանագրել:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Հռիփսիմե Հովսեփյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, քվեարկությանը մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի թիվ 7/01 ընտրատեղամաս և նկատել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է եղել, սակայն անձնագրի սերիա և համար չի եղել: Հանձնաժողովի անդամներից մեկին տեղյակ է պահել այդ մասին, ով մի փոքր անց տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով։ Միաժամանակ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՔԾ ուղարկելու մասին:
Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում քննվում է 24 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Ծանուցում 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 149-րդ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 150-րդ (Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը), 154.1-րդ (Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը), 154.2-րդ (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), քննությունը ենթակա է կատարման Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
Ծանուցում 2. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: