Չկարգավորվող խաչմերուկներ են համարվում այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:
Կառավարության N 955-Ն որոշուման մեջ կարդում ենք, որ երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:
Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:
Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:
Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ շարժման ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:
Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայը, անկախ շարժման ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ: