Ինչպե՞ս վարորդը դատարանի միջոցով կարողացավ բեկանել արագության համար նշանակված 30 հազար դրամ տուգանքը

Սևակ Սերգոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 30 000 դրամ տուգանքի, այն հիմքով, որ 23.07.2014թ. ժամը 04։52-ին Երևան քաղաքում երթևեկել է 86 կմ/ժ արագությամբ, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1244-րդ հոդվածի 2-րդ մասով։

Վարորդը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պնդելով, որ սահմանված վարչական ակտն անհիմն է, քանի որ ինքը այդ ժամանակահատվածում որևէ վարչական իրավախախտում չի կատարել։

Հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, դատարանը եզրակացրել է, որ հայցը ենթակա է բավարարման, սակայն հիմք ընդունելով ոչ թե հայցվորի պնդումն, այլ այն, որ ՃՈ տեսուչը ակտը կայացրել է նախկինում գործող օրենքով ։

Դատարանը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ընդունված 2014 թվականի հունիսի 21-ին, ուժի մեջ մտած 26.07.2014թ.) 3-րդ հոդվածի համաձայն՝

«Հոդված 124.4, Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով։….»։

Դատարանը պարզել է, որ վարչական մարմինը հայցվորին տուգանել է նախկին օրենքով, այնինչ պարտավոր էր հայցվորին տուգանել 26.07.2014թ. ուժի մեջ մտած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի հայցվորի տուգանքի գումարի չափը կկազմեր 24 000 դրամ։

Այսպիսով դատարանը վճռել է Սևակ Սերգոյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ ՃՈ-ի ավագ տեսուչի կողմից կայացրած վարչական տույժ նշանակելու մասին որոշումը։ ՀՀ ՃՈ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4000 դրամ պետական տուրքի գումար։

Դատարանը նաև շեշտել է, որ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների։

ՃՈ-ն դատական ակտը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարանում, 2015թ. ապրիլի 29-ին դատարանը որոշել է ՀՀ վարչական դատարանի վճիռը թողնել անփոփոխ։

Պատրաստեց՝ Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել