Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից վնասազերծվեց զինված խումբ, որը ըստ ԱԱԾ-ի հայտարարության, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
ԱԱԾ-ում վստահ են, որ այս խմբում ընդգրկված են նաև երեք կանայք, վերջիններս, սակայն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Երեք կանանց իրավունքների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը փոխանցեց, որ նրանք հրաժարվել են ցուցմունք տալուց: Ներկայումս երեքն էլ գտնվում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, առողջական վիճակը նորմալ է, փաստաբանը վաղը պատրաստվում է այցելել իր վստահորդներին:
Առ այսօր երեք կանայք չեն ընդունում իրենց մեղսագրված արարքը, թե ինչպես են նոյեմբերի 25-ին հայտնվել վնասազերծված խմբի հետ նույն բնակարանում, տիկին Պետրոսյանը տեղեկատվություն չտրամադրեց. «Ներկայումս նախաքննական գաղտնիքի խնդիր կա, ուստի տեղեկատվություն, ըստ էության, չենք կարող հրապարակել»:
Ինչ վերաբերում է նախաքննությանը, ապա տիկին Պետրոսյանը հաղորդեց, որ այն բավականին ակտիվ փուլում է գտնվում. «Կատարվում են մի շարք քննչական գործողություններ, նշանակվում են փորձաքննություններ ու ստացվում են եզրակացություններ»:
Որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե այս գործով ձերբակալվածների թիվն ավելացել է՝ հասնելով 4 տասնյակի. «Իմ ունեցած տվյալներով՝ դա ճիշտ չէ, մաքսիմում կարող է 25-27 անձ կալանավորված լինի: Ինչքանով տիրապետում եմ տեղեկատվությանը՝ այս պահին այդչափ ձերբակալվածներ չկան»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքը՝ գործը բավականին ծավալում է և բազմադրվագ, այս ամիս նույնպես մարդիկ են ձերբակալվել ու կալանավորվել, այնպես որ դժվար է ասել, թե նախաքննությունն ինչքան ժամանակ կտևի. «Միայն մի բան կարող ենք ասել, որ անձին կարող են նախաքննության շրջանակներում կալանքի տակ մնալ մեկ տարի ժամկետով»,- հավելեց մեր զրուցակիցը: