Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ» վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Այս համաձայնագիրը կնքվում է Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով: Նշվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ, ֆիքսված է ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանման չափով, որը տեղի է ունեցել վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվի և տոկոսադրույքի սահմանման ամսաթվի միջև (չի կարող գերազանցել 6.25%-ը և չի կարող պակաս լինել 0.25%-ից), պարտավորության վճարը` տարեկան 0.5%, միանվագ կոմիսիոն վճարը` վարկի գումարի 0.5%-ի չափով, ժամկետանց վճարումների գծով տույժը` տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5% սփրեդ, իսկ չեղարկման վճարը կկազմի վարկի չեղարկված գումարի 2.5%: