Սույն գործով ամբաստանյալը՝ ՌԴ քաղաքացի Վալերի Պավելի Պերմյակովը, ծառայել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտում՝ որպես ժամկետային զինծառայող, 12.08.2015թ. ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ՌԴ քր. օր-ի 338 հոդվածի 2-րդ մասով և ՌԴ քր. օր-ի 226 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, ՌԴ քր. օր-ի 222 հոդվածի 1-ին մասով, ՌԴ քր. օր-ի 69 հոդվածի 3-րդ մասի կանոններով, (հանցագործությունների համակցությամբ) դատապարտվել է ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով և պատիժը կրում է դաշտային փոստ 04436 զորամասի կայազորային կալանատանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում գնահատելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը ՌԴ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, գտնում եմ, որ սույն գործով արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը: Այլ խոսքով՝ սույն գործով արտագնա դատական նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում»:
Արտագնա դատական նիստը տեղի կունենա ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում (հասցե`ք. Գյումրի, Մեծ Բերդ): Նշված վայրը հասանելի է տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև այդ ուղղությամբ գործում են հանրային տրանսպորտի միջոցներ:
Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքն ազատ է:
Դատական նիստին ներկա գտնվելու համար անձը՝
1. ՌԴ ռազմակայանի տարածք մուտք գործելիս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը՝ նաև մասնագիտական գործունեությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
2. ՌԴ ռազմակայանի տարածք, ինչպես նաև դատական նիստերի դահլիճ մուտք գործելիս ենթարկվում է զննման: Եթե հայտնաբերվեն իրեր, որոնց առկայությունը դատական նիստերի դահլիճում կարող է խախտել հասարակական կարգը կամ սպառնալիք ստեղծել դատավարությանը ներկա անձանց անվտանգության համար, ապա դրանք վերցվում և պահվում են այդ նպատակով նախատեսված վայրում:
Դատական նիստերի դահլիճում և դրանից դուրս դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ՀՀ դատական կարգադրիչների ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից:
Դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ տարածքում տեղադրվել են նաև երկու վրան: Վրաններից մեկը նախատեսված է լրատվամիջոցների, իսկ մյուսը՝ հասարակության ներկայացուցիչների համար: Նշված վրաններում տեղադրված են հեռուստացույցներ՝ դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով: