ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է և ձերբակալվել։ Այս մ ասին հաղորդում են ՔԿ-ից:
Փոխանցվում է, որ նախնական տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11.8 կմ հատվածում բախվել են «Մերսեդես բենց» և «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 3 ուղևորները (2 տղամարդ և մեկ կին) ստացած վնասվածներից տեղում մահացել են, իսկ «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ) և 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:50-ին, բժշկական կենտրոնում հայտնաբերվել է «Մերսեդես բենց» ավտոմեքենայի վարորդ Տ. Աբրահամյանը և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net