ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 8/08 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «hetq.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել է տեղեկույթ առ այն, որ քաղաքացի Հասմիկ Ռաֆայելյանն իր ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ գնացել է թիվ 8/08 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են. նշված են եղել այլ անձանց անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:
Ըստ ահազանգի՝ հանձնաժողովի անդամների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել՝ ապահովելու իրենց սահմանադրական իրավունքի իրացումն ու մասնակցությունը հանրաքվեին, թեև բարձրաձայնել են արձանագրված խախտման մասին՝ պահանջելով կազմել արձանգրություն։ Նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։