ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել և հորդորով հանդես եկել կառավարությանն ու խորհրդարանին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հանրաքվեին, բացի այդ դեսպանատունը հիշեցրել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորել նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների: Հայտարարության մեջ կարդում ենք.

«ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետեւել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական  կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների՝ մասնավորապես գլխավոր դատախազի եւ մարդու իրավունքների պաշտպանի  հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ:

Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ: Լիարժեք ու թափանցիկ քննությունները եւ դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին  եւ քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս:

Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին եւ հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել