Երկու դեպք, երբ վարորդը պետք է իրազեկված լինի` չտուգանվելու համար

Ճանապարհային ոստիկանության տեսուչ և վարորդ հարաբերություններում հաճախ են լինում դեպքեր, երբ իրազեկվածությունը չափազանց կարևոր է: Այս տեսանկյունից քննարկման առարկա ենք դարձրել հաճախ հանդիպող իրավիճակներից երկուսը:

Երբ տեսուչն ասում է, որ տեսել է իրավախախտումը, բայց ապացույց չի ներկայացնում

Վարչական վարույթի յուրաքանչյուր կողմ պետք է հիմնավորի իր կողմից ներկայացնող փաստական հանգամանքներն: Ասում է իրավաբան Առնոլդ Վարդանյանը. «Եթե ՃՈ տեսուչը հիմնավորում է, որ վարորդը կատարել է իրավախախտում և կա նկարահանման ապացույց կամ այլ փաստ, ապա նրա ներքին համոզմունքը հիմնավորված է ապացույցներով, բայց եթե այդ ներքին համոզմունքը երևութական բնույթ է կրում, այսինքն՝ հաստատված չի որոշակի փաստական հանգամանքներով ու հայեցողությամբ է պայմանավորված, միանշանակ իրավաչափ չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ խորհուրդ տալով վարորդներին վարչական ակտը բողոքարկել դատարանում՝ սպասելով, թե ինչ փաստական հանգամանքներ կներկայացնի մյուս կողմը: Նրա խոսքերով՝ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սովորաբար նման գործերը հօգուտ վարորդների են հանգուցալուծվում:

Ոստիկանը կանգնեցրել է մեքենան ու ստուգում է իրականացնում

Իրավաբանի խոսքերով՝ մեր գործող օրենսդրության համաձայն՝ ավտոմեքենայի վրա տարածվում է նույն իրավական ռեժիմն, ինչ մարդու բնակարանի. «Եթե ոստիկանը ստուգում է իրականացնում, օրինակ՝ զենք է փնտրում, տվյալ դեպքում զննում ու խուզարկություն կոչվածների տարբերակումն է պետք բացատրել փաստաբաններին»,- ասաց նա: Եթե ՃՈ տեսուչը ստուգում է վարորդի ինքնությունը, ապա վարորդը օրենքի համաձայն պետք է ներկայացնի անձը հաստատող վկայական. «Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք ոստիկանը իրավունք ունի վարորդին ասել՝ բաց արա բեռնախցիկը, այդ իրավունքը նա չունի, այդ դեպքում ոչ թե զննություն է լինում, այլ վերածվում է խուզարկության, իսկ զննությունը կլիներ այնքանով, որքանով ոստիկանը արտաքինից դիտի՝ առանց ավտոմեքենայի բեռնախցիկը բացելու և ներսում որևիցե այլ գործողություն իրականացնելու»,- նշեց նա՝ շեշտելով, որ զննումը երբևէ չպետք է վերածվի խուզարկության, քանի որ, ըստ փաստաբանի, նման պարագայում խախտվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության խնդիրը, որովհետև, եթե ոստիկանը, հանրային շահը պաշտպանելու նպատակով, փնտրում է զենք, տվյալ պարագայում երբեք չպետք է խախտվի վարորդի մասնավոր շահերը:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել