Անշարժ գույքի գնահատումը անշարժ գույքի շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված գործողություն է` օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա, համապատասխան վճարի դիմաց:
Անշարժ գույքի գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները:
Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորումը կազմակերպում և իրականացնում է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` որակավորման քննությունների միջոցով:
Որակավորման քննություններն ընդունում է Կադաստրի պետական կոմիտեի ստեղծած որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են վերջինիս ներկայացուցիչները և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ:
Գնահատողի վերաորակավորումն իրականացվում է երեք տարին մեկ անգամ:
Գնահատողի որակավորում ունեցող անձանց անվանացանկերը յուրաքանչյուր տարի հրապարակվում են Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում:
Անշարժ գույքի գնահատումը պարտադիր է`
1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի.
2) անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.
3) անշարժ գույքն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.
4) անշարժ գույքի բռնագանձման հետևանքով իրացման դեպքերում.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Աղբյուրը` Իրավաբան.net