Այսօրվա կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետը խնդրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին զեկուցել, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել դեղերի շուկայում՝ կապված դրանց թանկացումների մասին ահազանգերի հետ:
Արտակ Շաբոյանը զեկուցեց, որ դեղերի շուկայում խոշոր դիրք ունեցող հինգ ընկերությունների շրջանում առողջապահության նախարարության կողմից սահամնված հիմնական դեղերի ցուցակի մեջ մտնող դեղերի գների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի մասով:
Ուսումնասիրեվլ է 483 դեղերի գնային քաղաքականությունը: Պարզվել է, որ «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների կողմից թանկացումներ եղել են: Մասնավորապես, «Ալֆա ֆարմը» թանկացրել է ցավազրկող «Դիկլոֆենակ», ֆոլաթթու և «Անկորդ» դեղերը. թանկացումը պայմանավորված է եղել դրանց ձեռքբերման գների բարձրացմամբ:
«Նատալի ֆարմ»-ը թանկացրել է սրտանոթային «Ամիոդարոն» դեղը. թանկացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ սեպտեմբերին ընկերությունն այդ դեղը վաճառել է զեղչված գնով, քանի որ ժամկետը մոտենում էր ավարտին, իրականում այդ դեղը թանկ դեղ է:
Արտակ Շաբոյանը հավաստիացրեց նաև, որ ՏՄՊՊՀ-ն շարունակական ուսումնասիրելու է դեղերի շուկայում գնային քաղաքականությունը և չհիմնավորված թանկացումների դեպքում պատասխանտվության կենթարկվեն համապատասխան տնտեսվարողները: