Ի՞նչ է սպասվում նոր Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելուց հետո. փաստաբանի պարզաբանումները

Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Սահմանադրությունը կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և 10 օր հետո ուժի մեջ մտնի, սակայն եթե կգտնվեն անձինք, որոնք կբողոքարկեն Սահմանադրության հանրաքվեի արդյունքները, այս դեպքում արդեն պաշտոնական տեղեկագրում տեղ գտնելուց 10 օր հետո չի կարող այն ուժի մեջ մտնել, այլ Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու պահից սկսած 5 օրվա ընթացքում»,- ասում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Նրա խոսքերով՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո կկատարվեն օրենսդրական դաշտի համապատասխանեցման աշխատանքներ, սակայն հիմնաքարային գործողությունները կսկսվեն խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո. «Մենք կառավարման ձև ենք փոխում՝ մի ամբողջ համակարգ: Անկախացումից ի վեր Հայաստանը եղել է կիսանախագահական հանրապետություն, սակայն պայմանական ասենք 2016թ.-ից սկսած մեզ մոտ կառավարման ձևը փոխվելու է ու դառնալու է խորհրդարանական»,- ասաց փաստաբանը:

Բացի կառավարման համակարգից փոխվելու է նաև իրավական ողջ դաշտը, դատական համակարգը, Արդարադատության խորհուրդն է ձևափոխվում, դատավորների նշանակման կարգն է փոխվում, դատավորների պաշտոնավարման տարբեր տարիքներ են սահմանվելու:

Այս փոփոխությունները նաև մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների հետ է կապված, քաղաքացիները, իրավաբանները պետք է սկսեն զրոյից ուսումնասիրել Սահմանադրությունը. «Նույն կիրառողները իրավակիրառ դաշտում պետք է նոր Սահմանադրությամբ շարժվեն, իսկ այն նախատեսում է երեք ճյուղերում փոփոխություններ՝ օրենսդիր, գործադիր ու դատական»,- ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել