ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես՝ ասված է.
«Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ:
Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ քննություն:
Այս հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաև կառավարության և Ազգային Ժողովի կողմից նոր Ընտրական օրենսգրքի ձևավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում»: