Պահանջվեց 1.3 տարի ապացուցելու համար, որ Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհահատվածում տեղի ունեցած մահվան ելքով վթարը հետևանք է ճանապարհային երթևեկության սխալ կազմակերպման: Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Նրա խոսքերով՝ 2014թ. սեպտեմբերի 12-ին, իր պաշտպանյալը՝ ազգությամբ Գերմանացի Ֆրանկ-Ալեքսանդեր Լանգեն Միցուբիշի ավտոմեքենայով բախվել է Նիսսան ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս ուղևոր, վրաստանի քաղաքացի Թամար Ջգամաձեն մահացել է: Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
«Առաջին իսկ օրվանից առկա էր հստակ դիրքորոշում, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատակիցների մեղքով, բայց արի ու տես, որ մեր հարգելի փորձագետները, չգիտես թե ինչու, իրենց եզրակացությամբ դա անտեսեցին:
Դատաավտոտեխնիկ-փորձագետը եզրակացություն կազմելիս իր վրա է վերցնում մի բեռ, որի հետ կապ չունի: Այն է՝ դիտելով, որ ճանապարհային երթևեկության սխալ կարգավորումը պատճառական կապի մեջ չէ վթարի առաջացման հետ: Ըստ փորձագետի, իմ վստահորդը երեք գոտիանոց ճանապարհահատվածում իրավասու է եղել հաշվի առնելու, որ աջ և միջին գոտիները նախատեսված են բացառապես իր երթևեկության համար: Այսինքն, եթե իմ վստահորդը իրավասու է եղել այդպես մտածելու, ապա այդ դեպքում ևս իրավասու է եղել մտածելու (նաև հոծ գծերի առկայության պայմաններում) որ, այդ երկու գոտիներով բացառվում է հանդիպակաց ուղղության տրանսպորտային միջոցների հոսքը: Կարելի է ասել, որ նույն կերպ է մտածել նաև գործով մյուս ամբաստանյալը՝ Նիսսանի վարորդը: Բախումը տեղի է ունեցել մեջտեղի գոտում: Ըստ փորձագետի, վարորդների մեղքը կայացել է նրանում, որ աջ գոտիների ազատ լինելու պայմաններում նրանք երկուսն էլ ընթացել են մեջտեղի գոտով: Այսինքն, փորձագետը համառորեն պնդում էր, որ աջ գոտիների ազատ լինելու պայմաններում, երկու վարորդներն էլ իրավունք չունեին երթևեկելու մեջտեղի գոտով, որն էլ և հանդիսացել է վթարի պատճառ:
Փորձագետը իր եզրակացությամբ և իր ցուցմունքով պնդում էր, որ մեջտեղի գոտին նախատեսված է երկկողմ երթևեկության համար: Մինչդեռ, եթե երկու կողմերից բացակայում է ՃԵԿ-ի 1.21 (երկկողմ երթևեկություն) նշանը, ապա վարորդները ումից և ոնց պետք է տեղեկանային, որ մեջտեղի գոտին նախատեսված է երկկողմ երթևեկության համար: Ինչևէ, ի վերջո փորձագետն ընդունեց, որ իրականությունն այլ է:
Եթե ըստ փորձագետի եզրակացության և ցուցմունքի Ֆրանկ Լանգեն իրավասու է եղել հաշվի առնել, որ մեջտեղի գոտին բացառապես նախատեսված է իր երթևեկության համար, ապա ձախ գոտով ընթանալն ընդամենը վարչական խախտում է, որի համար վարորդը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության և տուգանվի, օրինակ՝ 5000 ՀՀ դրամ: Եթե վարորդին ասում ենք՝ մեջտեղի գոտին քոնն է՝ ինչ հանցավոր ինքնավստահության մասին է խոսքը… Եթե վարորդը գիտի, որ մեջտեղի գոտով իրավունք չունի երթևեկելու հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցը, ինչ վթարային իրավիճակ ստեղծելու մասին է խոսքը:
Խնդիրն այլ է, երբ վարորդը չի ղեկավարվում ճանապարհային նշաններով և գծանշումներով (օրինակ՝ արագության գերազանցում, հանդիպակաց ուղեմասով երթևեկություն և այլն), հույս ունենալով, որ վթարային իրադրություն ստեղծելու դեպքում այն կկանխի, բայց ենթարկվում է վթարի: Լրիվ այլ խնդիր է, երբ վարորդը, ճանապարհի կարգավիճակի վերաբերյալ ստանալով սխալ տեղեկատվություն, ենթարկվում է վթարի: Այստեղ հանցավոր ինքնավստահության մասին խոսք լինել չի կարող:
Այս ամենը անտեսելով, մեղադրողը երկու վարորդների համար էլ պահանջեց 2.6 տարի ազատազրկում և նիստերի դահլիճից կալանավորում: Դատարանն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող երկու վարորդներին էլ իրավացիորեն արդարացրեց:
Ավելացնեմ, որ առ այսօր այդ ճանապարհահատվածը նույն վիճակում է, չնայած որ փորձագետը նախաքննության մարմնին արել էր կանխարգելիչ առաջարկություն: Այսինքն՝ նախաքննության մարմինը պարտավոր էր հանդես գալու համապատասխան միջնորդությամբ՝ պատկան մարմինների կողմից տվյալ ճանապարհահատվածի սխալ կարգավորումը վերացնելու համար:
2015 թվականի հունիսի 6-ին նույն տեղում, նույն պատճառներով երեք տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վթարի է ենթարկվում իմ մյուս վստահորդ, ՌԴ քաղաքացի Պավել Կուլիկովը, որը ստանալով ծանր մարմնական վնասվածք շտապ տեղափոխվում է ք. Մոսկվա»: