ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է Երևանի քաղաքապետին

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ կամայականությունները վերացնելու և վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու (այդ թվում՝ նոտարական կարգով հաստատված լիազորագրեր պահանջելու) դեպքերը բացառելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու առաջարկով ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է երեվանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՓՊ տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Փաստաբանները դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ՝ հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին:

Դրա վառ ապացույցն է 2015թ. հոկտեմբերի 21-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Անտոնյանի կողմից փաստաբան Անի Թորոսյանին խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստին մասնակցելն արգելելը՝ պատճառաբանելով, որ «փաստաբաններն ընտանիք են քանդում», «մեզ մոտ կարգն այդպես է», «ուր ուզում եք գնացեք և բողոքեք…»:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ կամայական դրսևորման հաջորդ եղանակներից մեկն էլ վերջիններիցս նոտարական կարգով հաստատված լիազորագիր ներկայացնելու պահանջն է, որը ևս իրավաչափ չէ:

Գտնում ենք, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ դրսևորվող ցանկացած կամայականություն ուղղակիորեն խոչընդոտում է վերջիններիս գործունեությանը, ինչն անթույլատրելի է: Այսպես.

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով իրավական պետություն հռչակված Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների՝ դատական, ինչպես նաև պետական և այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (հոդված 18), ինչպես նաև՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (հոդված 20):

Վերը նշված իրավունքների արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավունքի գերակայության ապահովման հարցում իր անփոխարինելի դերն ունի փաստաբանությունը: Դա է պատճառը նաև, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները:

Բացի այդ, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նաև փաստաբանական գործունեության երաշխիքներ, մասնավորապես, նույն օրենքի  21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես քրեորեն պատժելի արարք:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից միանշանակ պարզ է դառնում, որ օրենքը փաստաբանական գործունեությունը դիտում է որպես իրավապաշտպան գործունեություն, որն ուղղված է իր վստահորդի իրավունքներն ու շահերը օրենքով չարգելված եղանակներով և միջոցներով պաշտպանությանը: Իսկ փաստաբանական գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է համապատասխան իրավական հետևանքներ:

Ինչ վերաբերվում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբաններից նոտարական կարգով հաստատված լիազորագրեր պահանջելուն, ապա դա որևէ իրավական ակտով նախատեսված չէ: Ավելին, ՀՀ դատավարական օրենսգրքերը փաստաբանի կողմից ներկայացուցչություն իրականացնելու համար ընդունելի են համարում հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը վարչական վարույթում ոչ միայն փաստաբանի, այլ նաև այլ անձանց համար չի պահանջում նոտարական կարգով հաստատված լիազորագիր (այլ բավարարվում է հասարակ գրավոր ձևով ներկայացված լիազորագրով): Հետևաբար, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբաններից նոտարական կարգով հաստատված լիազորագրեր պահանջելը, ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև ուղղակիորեն խոչընդոտում է փաստաբանի գործունեությանը:

ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 6-րդ կետի համաձայն՝ Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում ենք Ձեր համապատասխան հանձնարարականը Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, այսուհետ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կողմից փաստաբանների նկատմամբ կամայականությունները վերացնելու և վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու (այդ թվում՝ նոտարական կարգով հաստատված լիազորագրեր պահանջելու) դեպքերը բացառելու ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել