Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվողը կալանավորված է

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 1-ին ՀՔԾ-ի կողմից ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Լևոն Զուրաբյանը հաղորդում էր ներկայացրել, որ  նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին գումար է առաջարկել, որպեսզի նա իրեն տա վստահված անձի երկու վկայական և  հանրաքվեի օրն իր ասած ժամին որոշակի ժամանակով լքի քվեարկության սենյակը:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի հաղորդման հիման վրա՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Միրիջանյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանն ասաց, որ կալանքի որոշումն արդեն իսկ բողոքարկել են: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք մեղադրյալն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, փաստաբանն ասաց. «Դա չենք մեկնաբանում»:

Ի դեպ, մեղադրանքը ապացուցվելու դեպքում Զավեն Միրիջանյանին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել