ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ի տեղի ունեցած հավաքը դարձյալ ընթացել է օրենքի խախտումներով:
Մասնավորապես, հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:
Նշված վայրում երթի կազմակերպիչները ՀՀ ոստիկանությունից պահանջել են իրենց թույլատրել մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին շենքին և պետական այդ մարմնին հնչեցնել իրենց պահանջները կամ ապահովել, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մոտենա և լսի իրենց պահանջները: Կարճ ժամանակ անց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի կազմակերպիչներին հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստ է ընթանում և քսան րոպեից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը կմոտենա հավաքի մասնակիցներին ու կլսի նրանց պահանջները:
Միաժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, պահանջել է ժամը 22.00-ից սկսած անցկացվելիք հավաքը չզուգորդել անձանց հանգիստը խանգարող աղմուկով: Ի պատասխան այս առաջարկի, հավաքի կազմակերպիչները չեն սպասել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ նախատեսված հանդիպմանը և, անտեսելով ՀՀ ոստիկանության իրավաչափ պահանջը, շարունակել են աղմուկով ուղեկցվող երթը:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս նախազգուշացնում է, որ չի ենթարկվելու որևէ սադրանքի, իսկ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները լինելու են բացառապես կոնկրետ իրավիճակից թելադրվող և դրան համարժեք: