ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքի հանրային գոլֆի դաշտերից մեկում երեկ անհայտ անձիք կրակ են բացել քաղաքացիների վրա. այս պահի դրությամբ խոսվում է, որ կա 14 զոհ և 17 վիրավոր:
The Daily Mail-ը գրում է, որ գնդակահարության մեջ կասկածվողներից երկուսը սպանվել են ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ. հայտնել է ոստիկանությունը՝ նշելով, որ նրանք սպանվել են նրանց կողմից զանգվածային գնդակահարությունից հետո: Հայտնում են նաև, որ գնդակահարության մեջ կասկածվող երրորդ անձը դեռևս անհայտ է:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ սպանված կասկածյալ տղամարդը ամերիկացի մուսուլման Սայիդ Ֆարուկն է: Նրա կնոջ եղբայրը՝ Ֆարհան Խանը Ամերիկյան-Իսլամական հարաբերությունների խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ապշել է, երբ իմացել է իր ազգականի այդ գնդակահարություններին մասնակից լինելու մասին:
Խանն ասել է նաև, որ սպանված Ֆարուկի հետ խոսել է մեկ շաբաթ առաջ և գաղափար չունի, թե ինչու է Ֆարուկը նման քայլի դիմել. «Ես շոկի մեջ եմ: Ես չեմ կարող բացատրել, թե որքան ընկճված եմ այսօրվա կատարվածի համար: Ես տխուր եմ, որ մարդիկ սպանվել են: Ես սարսափած եմ, որ նման բան կարող էր պատահել»,- նա նաև ցավակցություն է հայտնել իր ողջ ընտանիքի անունից:
NBC News -ի աղբյուրների համաձայն՝ Ֆարուկի եղբայրը նույնպես ներգրավված է այս գործողությանը: Նրանք երկուսն էլ ԱՄն քաղաքացիներ են:
Երեկ երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սան Բերնարդինիոյի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալներից սպանված կնոջ ինքնությունը դեռևս հայտնի չէ և հայտնի չէ նաև, թե նա ինչ կապ ունի սպանված Ֆարուկի հետ:
Դեռևս հայտնի չէ նաև զանգվածային սպանության դրդապատճառը: Լոս Անջելեսի հետաքննության դաշնային բյուրոյի ղեկավար Դեյվիդ Բոուդիչը հայտնել է, որ հանցագործության մոտիվ կարող է լինել աշխատավայրում բռնությունը կամ «ահաբեկչությունը»:
Նա հայտնել է նաև, որ դեպքի վայրից փախուստի է դիմել երրորդ անձ, որի ինքնությունն անհայտ է, նաև հայտնի չէ, թե արդյո՞ք կապ է ունեցել գնդակահարության հետ: