Եթե երաշխավոր կարող է լինել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, ապա երաշխիք տված անձ կարող են լինել միայն բանկերը, այլ վարկային հաստատությունները կամ ապահովագրական կազմակերպությունները:
Վերջիններս այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն են ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:
Երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը:
«Երաշխիք տալու համար պրինցիպալը երաշխիք տված անձին վճարում է պայմանավորված վարձատրությունը»,-Իրավաբան.net –ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի` երաշխիքով նախատեսված պարտավորությունն ինքնուրույն է և անկախ է հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է, եթե նույնիսկ երաշխիքում վկայակոչվում է այդ պարտավորությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net