Վաղը ՀՀ կառավարության նիստին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծում կարդում ենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի մայիսի 19-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ներդրվեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմ: Նշվում է, որ ոչ նյութական վնասի հատուցման արդեն իսկ ներդրված համակարգը ամբողջական չէ: Ըստ իրավական ակտի՝ այն չի արտացոլում Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի ձևավորած իրավաբանության պահանջները: Մասնավորապես, այդ տեսանկյունից ԱՆ-ն անհրաժեշտ է գտնում ընդլայնել այն իրավունքների ցանկը, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է հատուցում: Կարևոր է նաև հատուցման չափերի համապատասխանեցումը ընդունված չափանիշներին և այլն:
Կարդում ենք նաև, որ նախագիծն ուղղված է լրացնելու մեր երկրում ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը՝ այն համահունչ դարձնելով Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման պահանջներին, որը կնպաստի նաև Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների առավել ամբողջական կատարմանը:
Ոչ նյութական վնասի հատուցման ամբողջական կառուցակարգ սահմանելու պետության պարտավորության մասին Եվրոպական դատարանը նշվել է նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված մի շարք վճիռներում:
Մասնավորապես, «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների բացակայությունը, որի հետևանքով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված երաշխիքների խախտման արդյունքում տառապանք կրած անձը զրկվում է նման հատուցում ստանալու հնարավորությունից, ինքնին 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է (գանգատ թիվ 23978/06, 2012թ.-ի նոյեմբերի 27-ի վճիռ, կետեր 155-159): Եվրոպական դատարանը միևնույն դիրքորոշումն է արտահայտել նաև «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում (գանգատ թիվ 66256/11, 2015 թվականի նոյեմբերի 10-ի վճիռ):
«Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման դեպքում խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի իրավական պաշտպանության հնարավոր միջոցների շարքում» (գանգատ թիվ 22999/06, 2012թ.-ի հունիսի 12-ի վճիռ, կետ 46): Միաժամանակ եզրահանգել է, որ «դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար: Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման հատուցում չի նախատեսվում, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից (…): Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում» (կետեր 47-48):
Բացի դրանից, նույն «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանը ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի բացակայությունը դիտել է նաև Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում, որով երաշխավորվում է սխալ դատապարտման դեպքում հատուցման իրավունքը: Նշված գործով իր վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ «թիվ 7 Արձանագրության 3‑րդ հոդվածի նպատակը ոչ միայն սխալ դատապարտման դեպքում նյութական վնասի վերականգնումն է, այլև դատական սխալի հետևանքով դատապարտված անձին հատուցման տրամադրումն է ցանկացած ոչ նյութական վնասի, օրինակ՝ տագնապի, անհանգստության, անհարմարության և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի համար» (կետեր 51-52):
Հաշվի առնելով իրավական որոշակիության և օրենսդրական կարգավորման մատչելիության սկզբունքները՝ անհրաժեշտ է համարվում ոչ նյութական վնասի հատուցում նախատեսող հոդվածը ձևակերպել այնպես, որ դրանում ամրագրվեն ոչ թե հոդվածների համարները, այլ թվարկվեն այն իրավունքները, որոնց խախտման համար նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցում: Օրինակ՝ Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի ոչ նյութական վնասին վերաբերող 253-րդ հոդվածը սահմանում է, որ անձը ոչ նյութական վնասի դրամական հատուցում կարող է պահանջել առողջությանը, ազատությանը, սեռական անձեռնմխելիությանը պատճառված վնասի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ իրավունքների խախտման պարագայում:
Այնպես որ նախագծով առաջարկվում է ընդլայնել անձի այն հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց խախտման պարագայում վերջինս կարող է դատական կարգով պահանջել ոչ նյութական վնասի հատուցում:
Մասնավորապես, առաջարկվող օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել հետևյալ իրավունքների վրա`
- կյանքի իրավունք,
- խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք,
- ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք,
- արդար դատաքննության իրավունք,
- անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունք,
- մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունք,
- հավաքների և միավորման ազատության իրավունք,
- իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք,
- սեփականության իրավունք:
Նախագծով առաջարկվում է բարձրացնել ոչ նյութական վնասի հատուցման չափերը՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպական երկրների օրենսդրական փորձին, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին: