ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար։
ՔԿ-ից հաղորդում են, որ նոյեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզում առևանգել են երիտասարդ աղջկա։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ, որի ընթացքում 19-ամյա աղջիկը գրավոր հաղորդում է ներկայացրել, որ իրեն առևանգելուց հետո իր նկատմամբ կիրառվել է նաև սեռական բնույթի բռնի գործողություն։
Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ երիտասարդ աղջիկն առևանգվել է 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում։
Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի բնակիչ Նորատուս-Գավառ ճանապարհին` կամրջի վրա, փակել են «ՎԱԶ 2106» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ճանապարհը, որի մեջ գտնվել է երիտասարդ աղջիկը, վարորդին իջեցրել են ավտոմեքենայից, ապա բռնության գործադրմամբ իջեցրել են նաև 19-ամյա աղջկան և նրան նստեցրել այլ ավտոմեքենա։ Բռնության գործադրմամբ աղջկան տեղափոխել են նշված մարզի համայնքներից մեկում գտնվող բնակարան։ Նույն օրը աղջկա նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, կատարվել է սեռական բնույթի գործողություն՝ նրա առևանգումը մտահղացած անձի կողմից։
Քննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը, թե ում բնակարանում է նա պահվել, որտեղ է տեղի ունեցել ենթադրյալ սեռական բնույթի բռնի գործողությունը և ում կողմից։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
Նախաքննությունը շարունակվում է։
Քրեական գործի շահերից ելնելով՝ մանրամասն այլ տեղեկություններ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: