Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ նոյեմբերի 27-ին կայացրել է արդարացման դատավճիռ՝ Նորայր Սաֆարյանի գործով:
Ամբաստանյալի իրավունքների պաշտպանը՝ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հաղորդեց, որ Նորայր Սաֆարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար ծառայության նկատմամբ, որի արդյունքում մահացել է երկու քաղաքացի:
«2013թ.-ից Սաֆարյանը զինված ուժերում աշխատում է որպես պահեստարանի պետ, նա ստորագրել է պարտականությունների ցանկ: Մեղադրվում էր այդ պարտականությունների անփույթ կատարման մեջ: Նշվում էր, թե իբր նրա վրա դրված էր պարտականություն, որ Սաֆարյանը պետք է ապահովի անվտանգության և հակահրդեհային անվտանգության կանոնները պահեստարանի տարածքում: Գործի դատաքննության ընթացքում մենք կարողացանք հաստատել այն փաստը, որ այս անձի պարտականությունների ցանկը չի համապատասխանում կոնկրետ այն իրավական նորմին, որով ղեկավարվում է զորամասը»,- ասաց փաստաբանը:
Դեպքն ունի հետևյալ նախապատմությունը՝ առկա է պայմանագիր ՊՆ-ի և շինարարական ընկերության միջև, ըստ որի՝ ընկերության աշխատակիցները դեպքի օրը պետք է որոշ գործողություններ կատարեին վառելիքի ռեզերվուարում, որոնք նրանց հանձնվում է համապատասխան ակտով: Դեպքի օրը ռեզերվուարը, որում տեղի է ունեցել դժբախտ պատահարը ու զոհվել են երկու անձիք, հանձնված չի եղել ընկերությանը. «Աշղեկը դրան իրազեկ է եղել, նա է ստանում ռեզերվուարն ու հստակ կանոններ կան, որոնք նա պետք է պահպանի իր աշխատակիցների կյանքի անվտանգությունն ապահովելու համար: Չգիտես ինչու՝ աշղեկը ցուցում է տալիս, վերցնում է երկու աշխատողի և մտնում է ռեզերվուար, իսկ այդ տարածքում պահակային ծառայող էլ չկա, որ նրանց գործողությունները կանխեն, այսինքն՝ նման հաստիք առկա չէ: Մտել են ռեզերվուարի տարածք, որում դեռևս վառելիք կար, քանի որ իրենց հանձնված չէր եղել, բացել են կցաշուրթը ու գազի հոտից խեխտվել են»,- ասաց մեր զրուցակիցը:
Լուսինե Մարտիրոսյանի խոսքերով՝ պահեստարանի պետը, տվյալ դեպքում՝ արդարացվածը, պարտական է ռեզերվուարի վառելիքը ստանալու և դուրս գրելու, դրա քանակի և այլ հարցերի համար, սակայն տարածքի նկատմամբ պատասխանատվություն, այն էլ՝ քաղաքացիական անձանց մասով:
Մեղադրողը միջնորդել էր Սաֆարյանին 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտել: Նորայր Սաֆարյանի նկատմամբ գործի քննության ընթացքում խափանման միջոց էր ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանը արդարացրել է ամբաստանյալին: